Երևանի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ և մայրաքաղաքի ավագանուն
Ամենազարհուրելին այն է, երբ պետականության հանդեպ պատկառանքը վերածվում է աներևույթ, վերացական «ինչ-որ բանի» հենց պետական կառույցներում։ Եվ այստեղ խոսքը տխրահռչակ «չինովնիկական բեսպրեդելի» մասին չէ։ Սա, հավատացեք, չարյաց փոքրագույնն է։ Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա։ «Ընդամենը» հանրապետությունն ընթանում է դեպի փակուղի, դեպի անկանխատեսելի անակնկալներով լի ականապատ մի հանգրվան, քանզի երկու տասնամյակ շուկայական ազատականության ճանապարհը հարթող երկիրը տարեցտարի ու օր օրի ամրակայում է ահռելի վարչահրամայական ապարատի գոյակերպը, համաձայն որոշ տվյալների 2,5 անգամ ավելի ընդգրկուն, քան սովետական վարչահրամայական (ստալինյան-բրեժնևյան) ժամանակափուլում։ Կարծես տրամագծորեն հակառակը պիտի լիներ։ Սակայն սա, ինչպես ընդունված է ասել նման դեպքերում, այլ զրույցի առիթ է։
2010-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տողերիս հեղինակին բախտ (վստահաբար նաև դժբախտություն) վիճակվեց լրագրողական հետաքննության շրջանակում անդրադարձեր կատարելու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ գործունեությանը։ Ներկայացված փաստերը հիմնավոր էին, տրամաբանական եզրակացությունը` անբեկ. տվյալ պետական բարձրաստիճան ծառայողն օր առաջ պետք է ներկայացնի իր հրաժարականը կամ էլ հեռացվի աշխատանքից վերադասի ձեռամբ։ Քանզի տարիներ շարունակ նա հիմնավորել է իր պաշտոնական անհամատեղելիությունը` նախկին համայնքի, այնուհետև վարչական շրջանի բնականոն գործունեությունը պատուհասելով բառիս լայն ու խորքային իմաստով։ Հարգարժան պարոն Կարապետյան, ամենայն հավանականությամբ, Դուք անտեղյակ եք մեր հրապարակումներին, հակառակ պարագայում Արայիկ Քոթանջյանը վաղուց պիտի օտարվեր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ղեկավարելուց։
Դուք անտեղյակ եք, քանզի մեկ այլ ոլորտում եք ծառայություններ մատուցել հանրապետությանը։
Եվ այսպես, «Իրատես de facto»-ի թիվ 7-ում (7-9 սեպտեմբերի, 2010 թ.) լույս է ընծայվում «Երբ աջ ձեռքն անտեղյակ է, թե ինչ է «մոգոնում» ձախը» ուշագրավ հրապարակումը։ Պատասխանը` քար լռություն թե՛ Ա. Քոթանջյանի, և թե՛ Երևանի քաղաքապետարանի (ղեկավարության և ավագանու) կողմից։ Այնինչ իմաստունները ժամանակին ասել են. «Լռությունը համաձայնության նշան է»։ Եվ պետք է կարծել, որ քաղաքապետարանի ղեկավար ատյանն ու վարչական շրջանի ղեկապետը, դրանիկների հավելվածքով լիուլի համաձայն են հրապարակման մեջ տեղ գտած բնավ ոչ սովորական բազմաթիվ «քյալլագյոզություններին»։
Եվ այսպես գնացքը շարժվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից Երևանի քաղաքապետարան։ Եվ թող քաղաքապետարանի աշտարակը իմաստավորող մայրաքաղաքի գլխավոր ժամացույցը դատի սույն խնդիրը` իր ժամանակացույցում։
Ականջդ զրնգա և բաց ու խուփ լինի, պանծալի և անմոռանալի Օստապ Սուլեյման Բենդեր բեյ։ Խաբեության քո չորս հարյուր հնարքներից և ոչ մեկը չի մրցակցի Արայիկ Քոթանջյանի վիրտուոզ աչքակապության հետ։ Օստապը, հայտնի է, որ փող վաստակելու չորս հարյուր «օրինավոր» միջոցների թվում չուներ որևէ մեկը, որ խաբեր, մոլորեցներ, կեղեքեր սովետական քաղաքացուն, առավել ևս պետական ատյանին։ Թուրքահպատակի որդու թիրախներն էին կապիտալիստական անցյալի մնացուկները, գանձագող Կորեյկոն, սագագող Պանիկովսկին և մնացյալը։ Հիմա որակումները թողնում ենք հարգարժան քաղաքապետին, արժանապատիվ ավագանուն և մեր ընթերցողաց։ Եվ այսպես, մեկնարկի հուզումնալից պահն է. 2008-ի դեկտեմբերի 18-ին Արայիկ Քոթանջյանը պետության կողմից իրեն վստահված աշխատասենյակում վարձակալական պայմանագիր է վավերացնում Պ. Սևակի փողոցի թիվ 1/1 շենքի բնակիչ Ա. Աբրահամյանի հետ, համաձայն որի, 1993-ից սույն հասցեում բնակվող Ա. Ա.-ն օգտագործման է վերցնում հարակից 20 քմ մակերեսով հողատարածքը, խնամում է այն, կանոնավոր վճարում վարձակալական գումարները։ Է, հետո՞, անհամբեր կհարցնեք։ Համբերություն, վստահ պատասխանում եմ։ Վստահ, զի ամիսներ անց, անշուշտ հանկարծահաս, հրդեհվում է նշյալ հողատարածքը, հիմնովին այրվում տեղակայված խորդանոցը, հրշեջներ են ժամանում, մի կերպ մարում կրակն ու մտամոլոր հեռանում։ Նրանց ազնիվ-կրակմարիչ սիրտը տխուր կանխագուշակումից թպրտում էր։ Անցնում է ևս մի քանի օր և... հողատարածքում անվրդով ու «ջիգյարով» կառուցապատման աշխատանքներ է իրականացնում վերջերս միայն Սևակի 1/1-ում բնակվող Ա. Դավթյանը, ի դեպ, ով նախկին ոստիկանական իշխանիկ էր ՀՀ մարզերից մեկում։ Ա. Աբրահամյանի վստահորդն ու նրա քենին` Լիանա Դռնոյանը, զարմացախառն հուզմունքով տոգորված, թակում է Ա. Դ.-ի բնակարանի դուռը և փորձում լուծել թնջուկը։ Ա. Դավթյանը, հիշեցնենք, կիրթ քաղաքացի է և առանց այլևայլության տիկին Լիանային է ներկայացնում իր գործողությունների հիմքը, այսինքն, վարձակալական պայմանագիրը։
ՈՒ ահա թե ինչ, սույն «բարաթով» միևնույն հողատարածքը նույն օրը` 2008-ի դեկտեմբերի 18-ին, վերոհիշյալ աշխատասենյակում նրան է հանձնում վարչական շրջանի նույն ղեկավար Արայիկ Քոթանջյանը։
Այստեղ կրկնակի ուշադրություն և եռապատկված ուշիմություն. Ա. Ք.- ի ստորագրությամբ վավերացված վարձակալական երկու պայմանագրերն էլ ունեն... մեկ համարանիշ` թիվ 772850։ Պանիկովսկուն արժանի հնարք։ Կորեյկոյական ձեռնաքաշություն։
Լ. Դռնոյանը, բնականաբար, հանդիպում է Ա. Քոթանջյանին, փորձում պարզել եղելությունը։ Եվ լքում է վերջինիս աշխատասենյակը թեթևակի ցնցակաթվածի ենթարկված, զի Ա. Ք.-ն բացարձակապես անվրդով նախ առաջարկում է ձեռք քաշել, քիչ անց էլ նաև պատրաստակամություն է հայտնում տեղում մարելու վարձակալական մուծված գումարները, շուրջ 100 հազար դրամ։ Դե, բնականաբար, պարտավոր էի զրուցել Ա. Քոթանջյանի հետ, իրավիճակը շատ ավելի համակողմանի պատկերացնելու և անաչառ լուսաբանելու հասկանալի մտադրությամբ։
Հեռախոսազրույցից հետո, ամենայն անկեղծությամբ, կորցրի հավատիս վերջին փշրանքներն առ այն, որ... աշխարհի կործանումը սարերի հետևում չէ։
Տիար Արայիկն անվրդով բացատրեց, որ դրանք ապօրինի տարածքներ են և, մարդասիրական մղումներին տուրք տալով, վարձակալության է հանձնել բնակիչներին։
Գայթակղության քար հանդիսացող կրկնակի պայմանագրի վավերացումը միևնույն օրը և ձեռամբ միևնույն նրա վրա չթողեց և ոչ մի ազդեցություն։ («Հո չե՞մ կարող հիշել, թե ում հետ ինչ համարի պայմանագիր եմ կնքել»)։
Մի խոսքով, Ա. Ք.-ին դարձի բերելու հայրենանվեր բաղձանքով «Իրատես de facto»-ի 2010-ի 9-րդ թողարկման մեջ հրապարակ իջավ «Ո՞վ էր Արայիկ Քոթանջյանը «հեղափոխությունից առաջ» ռեպլիկը։ ՈՒր խնդիր էր դրված, որ Ա. Ք.-ն պիտի լուծարի Ա. Դավթյանի հետ վավերացված պայմանագիրը, ներողություն խնդրի Լ. Դռնոյանից ու կարգի բերի սեփական մտքերը, վարքն ու բարքը։ Մասնավորապես հիշելի է հետևյալ տողը ռեպլիկից. «Իմ պատկերացմամբ, պարոն Քոթանջյանին հոգեբանական «տեխասմոտրի» պետք է ենթարկել...»։
Հիմա էլ թե՛ տողերիս հեղինակը, թե՛ Քանաքեռ-Զեյթունի բազմահազար բնակիչ-տառապյալները չեն փոխել պատկերացումը։ Բա՜յց...
ՈՒ մինչ վաստակած երանությամբ սպասում էի հետաքննությանս բարեհաջող ավարտին, և մինչ քաղաքապետարանն ու կառավարությունը «լռության-լոյալության միամսյակ» էին հայտարարել, ենթարկվեցի բարոյահոգեկան հիմնավոր կտտանքների... վարչական շրջանի բնակչության կողմից։ Բազմաթիվ հեռուստազանգեր հնչեցին և նամակներ թևեցին։
Ընդհանրական բողոքագիրն ամփոփ տեսքով սա է, հրատարակված, ի դեպ, թերթի թիվ 9-ում. «Դուք ձեր հրապարակման մեջ մի հողակտորի հետ կապված «մախինացիայի» մասին եք գրել, իսկ գիտե՞ք, որ համայնքի հերն անիծած էդ մարդը Քանաքեռի պատմամշակութային արժեք ներկայացնող այգիներն է ծախել, էլ չենք խոսում գերեզմանոցի հողերի մասին։ Խաչը երեսից թռցրել է անհավատը, սրբապղծությունն էլ ո՞նց է լինում։ Դրա համար էլ «ծակ գրպանով» դարձավ թաղապետ, հիմա միլիարդատեր է։ Ճիշտ էիք գրել` «Կորեյկոյի կաթնեղբայրը»։
Ամոթից կարմրում եմ, վերադասի անտարբերությունից բոցավառվում և լույս ընծայում ոչ պակաս հիշարժան մի հրապարակում, դարձյալ բազմախոստում վերտառությամբ. «Քոթանջյան Արայիկ տեսակը և իշխանությունը բացարձակապես անհարիր, իրարամերժ երևույթներ են»։
Հրապարակման մեջ ներկայացված էին Ա. Ք.-ի իշխանապետության օրոք սնկի պես բուսած ապօրինի օբյեկտների լուսանկարները, հիշվել էին նրա նախընտրած «քյալլագյոզություններից» մի երկու դրվագ. «Իսկ այժմ թարմացնենք ոմանց հիշողությունը հանրահայտ փաստերով։ ՈՒ դրդենք դուրս գալ լեթարգիական քնից։ Վտանգավոր է, Ա. Ք.-ի թաղապետական գահակալությունը նշանավորող խնջույքում սպանվում է մասնակիցներից մեկը։ Ծաղկաձորում շարունակված խնջույքում հախուռն ծեծկռտուք է սկսվում «յուրայինների» միջև։ Համայնքային բյուջեի հաստատման շուրջ ինչ-ինչ տարաձայնություններ են ի հայտ գալիս, ավագանու առանձին անդամներ փորձում են սեփական կարծիք ու տեսակետ ունենալ (ինչը, ի դեպ, նրանց անմիջական անելիքն է), և ոտնատակ են արվում համայնքային նորաթուխ պատուհասի վարձկանների կողմից։
Հետո նաև նռնակ է պայթում Վալերի Հարությունյանի նախընտրական շտաբում ու ինչ-որ մեկի դաստակն է պոկվում։ Այնուհետև, մանր-մունր զանազան ստորաքարշ գործեր, իշխանության չարաշահում, գանձագողության փորձեր և յուրայինների սիրաշահում ամենատարբեր մեքենայությունների միջոցով»։
Անշուշտ, պետական-պատկան մարմինները պետք է անդրադառնային ներկայացված փաստերին, ճշտեին դրանց իսկությունը և համապատասխան միջոցներ ձեռք առնեին։ Ձեռք առան... «իջան ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»։ Սակայն վտանգը չի անցել։ Ա. Ք.-ն այսօր էլ շարունակում է իր անհավանական մեքենայությունները` վարչական շրջանը վերածած սեփական տնամերձի և կապալով հանձնած յուրային-թայֆակիցներին։
Հարգարժան քաղաքապետ և ավագանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վտանգված է պետականությունը։ Վտանգված է, քանզի ՀՀ քաղաքացին իրականում ապրում-գոյատևում է խանա-փաշայական կամայականությունների միջավայրում։
Հիշենք հնուց խոսքը. «Տուր զորություն, փորձիր հավատ»։ Ա. Քոթանջյանը համեստ մի ձեռնարկատեր էր, ոչնչով` ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական հատկությամբ աչքի չընկած։ Սակայն իշխանության գալով առաջին իսկ ակնթարթներից էապես այլասերվեց։ Գուցե թե մոռացել եք, թաղապետ նշանակվելով (զի նա չէր ընտրվել), սկսում է «ցախավել առ ցախավել» ստուգել նախորդի գործունեությունը։ Սակայն քաղաքապետարանում շառաչուն մի ապտակ վաստակելով` լուռ ու մունջ անցնում է Քանաքեռ-Զեյթունի ավարառությանը։ Սա հավերժական ախտանիշ է, տնաբույս փիսոյին չի կարելի վստահել հանրային հոտը, փխրուն կատուն գելխեղդ գամփռ չէ։
Հիշենք ևս մեկ երևելի հարցապնդում` հնչած բանաստեղծի շուրթերից. «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք»։ Այս հարցը Քանաքեռ-Զեյթունում վաղո՜ւց է պոետիկ հնչողությունը կորցրել ու դարձել տարագրության ճանապարհը բռնող գործունյա աշխատուժի ճակատագիրը։
Այնպես որ, կամ լուրջ քննության եք առնում Ա. Քոթանջյանի համատեղելիությունն իր զբաղեցրած պետական բարձր պաշտոնին, այլ կերպ ասած` ազատում եք Քանաքեռ-Զեյթունը նրա չարաբաստիկ ներկայությունից, կամ էլ տեր եք կանգնում այն ամենին, ինչը վաղուց վարքականոն է Ա. Ք.-ի և նրա շրջապատի համար։ Այսինքն` սպանդի եք ենթարկում պետականությունը։ Հավատացեք և հիշեք` լռությունը միշտ չէ, որ ոսկի է։
Պատիվ ունեմ` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ